Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Նյարդաբանություն

Ուշաթափություն. ինչպես ցույց տալ առաջին օգնություն

Ուշաթափություն. ինչպես ցույց տալ առաջին օգնություն

Գիտակցության կորուստը տարածված երևույթ է: Մարդկանց ավելի քան 30%-ը կյանքում գոնե մեկ անգամ ընդհարվել է այս երևույթի հետ: Եվ քանի որ ոչ-ոք ապահովագրված չէ ուշաթափությունից, հարկ է իմանալ, թե ինչպես ցուցաբերել առաջին օգնություն:  

 

Ուշաթափության պատճառները

 

Գիտակցության կորստի արտաքին նշանները շատ նման են իրար, բայց պատճառները կարող են շատ տարբեր լինել: Դրանք միշտ էլ օրգանիզմում որևէ հիվանդության տագնապի ազդանշան կարող են լինել: 

 

Հայտնի է, որ XIX դարում աղջիկները շատ հաճախ էին ուշաթափվում: Մեծ մասամբ պատճառը սեղմիրաններն էին: Նեղ գոտկատեղ ունենալու համար կանայք ու աղջիկները օրերով քաղցած էին մնում ու օրգանիզմը հասցնում ծայրահեղ հյուծվածության աստիճանի: Որպես հետևանք, բարձրաշխարհիկ կանանց համար արդեն ՙպրոֆեսիոնալ  հիվանդություն էր դարձել «քլորոզը»` անեմիայի դրսևորումը, որի համար բնորոշ էր մաշկի գունատ-կանաչավուն երանգը: Անեմիան  գիտակցության կորստի զարգացման գլխավոր պատճառն էր:  

 

Ուշաթափության ֆիզիոլոգիական պատճառներից կարող են լինել սիրտ-անոթային և շաքարային անբավարարությունը, թոքերի քրոնիկական հիվանդությունը, սրտի աշխատանքի խանգարումը և մի շարք այլ հիվանդություններ: Հենց այս ամենը նկատի ունենալով էլ, ուշաթափության առաջին իսկ նշաններից հետո հարկ է դիմել բժշկին և հետազոտություններ անցնել:

 

Ուշաթափությունը երբեմն լինում է սթրեսային իրավիճակի պատճառով, երբեմն, նույնիսկ «ամենահիմար»` արյան տեսքից, ներարկիչից: Ուշաթափության պատճառ կարող է լինել նաև հղիությունը, շատ տոթ շինությունը, արյան կորուստը, երկար ժամանակ անշարժ վիճակում մնալը: Ուշաթափությունը գլխուղեղում թթվածնի անբավարարության հետևանքով է լինում: 

 

Ուշաթափության ախտանշանները

 

Ուշաթափությանը բնորոշ նշաններն են սրտխառնոցը, գլխապտույտը, ականջներում աղմուկը, աչքերի առջև լույսի առկայծումը կամ մթագնումը: Դրսևորվում է թուլություն, իջնում է զարկերակային արյան ճնշումը, շնչառությունը դառնումէ մակերեսային: Ուշաթափությունը տևում է մի քանի վայրկյանից մինչև մի քանի րոպե: Պետք է նկատի ունենալ, որ ուշաթափությունը   մեծ մասամբ լինում է նստած, կանգնած վիճակում կամ քայլելիս: Պառկած մարդկանց մոտ սովորաբար ուշաթափություն չի լինում: 

 

Առաջին օգնության ցուցաբերումը

 

Գիտակցության կորստի նոպան առաջանում է գլխուղեղում արյան հոսքի նվազումից: Այդ պատճառով, նախևառաջ, հարկ է հիվանդին պառկեցնել այնպես, որ ոտքերը բարձր լինեն իրանից: Հետո բացել բոլոր պատուհանները, թուլացնել օձիքը և բոլոր հագուստները, որոնք դժվարացնում են շնչառությունը: Հիվանդի քթին մոտեցնել անուշադրի սպիրտը, բայց զգուշորեն, որպեսզի այն հանկարծ լորձաթաղանթի վրա չանցնի ու այրվածք չառաջացնի: Պետք է նաև ուշաթափվածի դեմքին ջուր ցողել: Եթե հիվանդը մի քանի րոպեի ընթացքում ուշքի չի գալիս, հարկ է անմիջապես շտապ օգնություն կանչել:  

 

Կանխարգելում

 

Չի կարելի մոռանալ նաև ուշաթափության կանխարգելման մասին: Շատ օգտակար են կանոնավոր ֆիզիկական վարժությունները, քանի որ դրանք ամրացնում են արյունատար անոթները և լավացնում են արյան շրջանառությունը: Ինչպես նաև ամենօրյա մաքուր օդում կեսժամյա զբոսանքները: Եթե զգում եք, որ ուշաթափությունը մոտ է, խորը շնչեք: Դա կօգնի օրգանիզմում արյան հոսքի արագացմանը:

 

Հիշեք, որ ուշաթափությունը շատ հաճախ հանդիսանում է օրգանիզմում լուրջ խանգարման հետևանք, այդ պատճառով հարկէ անպայման խորհրդակցել բժշկի հետ:   

Հեղինակ. Մարո Գաբրիելյան
Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 6-7.2012
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ